1 Chronicles 11
1 Ամբողջ Իսրայելը հավաքվեց Քեբրոնում՝ Դավթի մոտ՝ ասելով. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։
2 Սրանից առաջ, երբ դեռ Սավուղը մեզ վրա թագավոր էր, դու էիր դուրս հանում և ներս բերում Իսրայելին, և քո Տեր Աստվածն ասաց քեզ. “Դո՛ւ կհովվես Իսրայելի իմ ժողովրդին և դո՛ւ իշխող կլինես Իսրայելի իմ ժողովրդի վրա”»։
3 Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Սամուելի միջոցով։
4 Դավիթը բոլոր իսրայելացիների հետ գնաց Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ էին հեբուսացիները՝ այն երկրի բնակիչները։
5 Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Բայց Դավիթը գրավեց Սիոնի բերդը, որ Դավթի քաղաքն է։
6 Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։
7 Դավիթը բնակվեց այդ բերդում, դրա համար էլ այն կոչում են Դավթի քաղաք։
8 Նա շուրջանակի կառուցապատեց քաղաքը՝ Մելոնից մինչև նրա շրջակայքը, իսկ Հովաբը վերանորոգեց քաղաքի մնացորդը։
9 Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։
10 Սրանք են Դավթի քաջերի գլխավորները, որոնք ամբողջ Իսրայելի հետ նրան օգնեցին նրա թագավորության մեջ, որպեսզի թագավոր հռչակեն նրան՝ Իսրայելի մասին Տիրոջ ասած խոսքի համաձայն։
11 Ահա Դավթի քաջերի թիվը. Հաքեմոնիի որդի Հեսբաամը՝ զորավարների գլխավորը։ Սա իր նիզակը բարձրացրեց երեք հարյուր մարդկանց վրա՝ միանգամից սպանելով նրանց։
12 Նրանից հետո աքուքացի Դոդայի որդի Եղիազարը։ Սա այն երեք հզորներից էր։
13 Սա Դավթի հետ էր Աբեսդոմմինում, որտեղ հավաքվել էին փղշտացիները՝ պատերազմելու համար։ Այնտեղ արտի մեկ մասը լիքն էր գարիով, և իսրայելացիները փախչում էին փղշտացիների առջևից։
14 Իսկ սրանք կանգնեցին արտի մեջտեղում, ազատեցին նրան և հարվածեցին փղշտացիներին։ Եվ Տերը մեծ փրկություն պարգևեց։
15 Այն երեսուն զորավարներից երեքն իջան վեմը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, իսկ փղշտացիների զորքը բանակ էր դրել Ռափայինների հովտում։
16 Դավիթն այդ ժամանակ բերդում էր, իսկ փղշտացիներից մի զորագունդ գտնվում էր Բեթլեհեմում։
17 Դավիթը, փափագելով խմել, ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։
18 Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։
19 Նա ասաց. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքը վտանգելով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորավորները։
20 Հովաբի եղբայր Աբեսսան այդ երեքի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակը երեք հարյուրի վրա՝ սպանելով նրանց։ Նա անվանի էր այդ երեքի մեջ։
21 Այդ երեքից նա ավելի հարգված էր, քան երկուսը, և դարձավ նրանց իշխանը, բայց այն մյուս երեքին չէր հասնի։
22 Հովիադայի որդի Բանեան, որը կաբեսելացի մի ժիր և գործունյա մարդու որդի էր, հարվածեց մովաբացի երկու զորավոր մարդկանց։ Մի ձյունոտ օր նա իջավ և գուբի մեջ սպանեց առյուծին։
23 Նա հարվածեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի եգիպտացի մարդու. եգիպտացու ձեռքին կար ոստայնանկների գլանի չափ մեծ մի նիզակ։ Նա գավազանով իջավ նրա մոտ, հափշտակեց նիզակը եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանեց նրան։
24 Այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան և անվանի եղավ այդ երեք զորավորների մեջ։
25 Նա այն երեսունից ավելի նշանավոր էր, բայց այն երեքին չէր հասնի։ Դավիթը նրան թիկնապահների գլխավոր կարգեց։
26 Ահա զորքի քաջազունները՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթլեհեմացի Դոդայի որդի Ելեանանը,
27 հարոդացի Սամման, փելոնացի Քեղղեսը,
28 թեկուացի Եկգեսի որդի Իրասը, անաթոթացի Աբիեզերը,
29 օսացի Սոբաքը, աքուքացի Եղին,
30 նետոփաթացի Մաարան, նետոփաթացի Բաանայի որդի Ալադը,
31 Բենիամինի որդիների տարածքում գտնվող Գաբայից Ռիբայի որդի Եթթին, փարաթոնացի Բանեան,
32 Գաասի ձորերից՝ Հուրայը, արաբաթացի Արիելը,
33 բարումացի Ազամոթը, սաղաբինացի Եղիաբան,
34 գեղոնացի Հասեմի որդիները՝ արարացի Սագեի որդի Հովնաթանը,
35 արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,
36 մեքուրաթացի Օփերը, փելոնացի Աքիան,
37 կարմելացի Ասարեն, Ազբիայի որդի Նաարան,
38 Նաթանի եղբայր Հովելը, Ագարայի որդի Մաբարը,
39 ամմոնացի Սելեկը, Շարուհեայի որդի Հովաբի կապարճակիր բերոթացի Նաարան,
40 հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը,
41 քետացի Ուրիան, Աղայիի որդի Զաբադը,
42 Ռուբենյանների գլխավորը՝ Ռուբենյան Սիզայի որդի Ադինան, որի հետ կար երեսուն մարդ,
43 Մաաքայի որդի Անանը, մաթանացի Հոսափատը,
44 աստարովթացի Ոզիան, արոերացի Քոթամի որդիներ Սաման և Հեիելը,
45 Սամարիի որդի Հեդիելը և նրա եղբայր թիսացի Հոքան,
46 մահավացի Եղիելը, Եղնաամի որդիներ Հարիբային և Հոսավիան, մովաբացի Հեթեման,
47 Եղիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը։